Ղրղըզական խորհրդարանի պատգամավոր, ներքին գործերի նախկին նախարար Բոլոտ Շերը վարչապետի պաշտոնակատար Օմուրբեկ Բաբանովին երկու փամփուշտներով ծրար է ուղարկել: Այդկերպ խորհրդարանականը պատասխանել է իր հասցեին հնչած թալանի մասին մեղադրանքներին:

Ինչպես հայտնում է «24.kg»-ն, ավելի վաղ խորհրդարանական «Հանրապետության» խմբակցության նիստում  վերջին «հեղափոխության» ընթացքում  տեղի ունեցած թալանի մասնակիցների տեսանյութն էր ցուցադրվել: Թալանչիները վստահեցնում են, որ գործել են «Աթա Մեքեն» (Հայրենիք) կուսակցության քաղաքական մի խումբ գործիչների հրահանգով: Նշել էին Բոլոտ Շերի (նախկինում` Շերնիյազով), ինչպես նաեւ կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Օմուրբեկ Թեքեբաեւի ազգանունները:

 «Հանրապետության» ներկայացուցիչները դրա հետ կապված պահանջել են հետաքննություն անցկացնել եւ կալանքի տակ առնել հիշատակված  քաղաքական գործիչներին: «Աթա Մեքենը» եւ  «Հանրապետությունը»  մինչեւ վերջին ժամանակները մտնում էին իշխող կոալիցիայի կազմում: Սակայն նրանք դարձել են քաղաքական հակառակորդներ:

Պատգամավոր Բոլոտ Շերը բացատրել է` ինչի համար է  պատրաստել երկու փամփուշտը: «Եթե քո այդ հանձնաժողովն ապացուցի իմ նվազագույն մասնակցությունը թալանին, ապա ես  կօգտագործեմ իմ փամփուշտը` նման ամոթը մաքրելու համար, - դիմել է նա Բաբանովին: - Սակայն եթե նա ապացուցի, որ ես մեղավոր չեմ եւ դու փորձել ես ինձ վարկաբեկել, ապա երկրորդ փամփուշտը քոնն է: Այն նման կերպով օգտագործիր»:

Իր հերթին «Աթա Մեքենի»  առաջնորդ Օմուրբեկ Թեքեբաեւը, որին եւս  անդրադարձել են «Հանրապետության» հրապարակած մեղադրանքները, հայտարարել է, որ «չկրկնվելու համար Բաբանովին ռումբ կուղարկի»: