Ֆրանսիայի հարավում գայլերի թվաքանակի ավելացումը դադարեցման սպառնալիքի տակ է դրել հայտնի Ռոկֆոր պանրի արտադրությունը:
Ըստ ձեւավորված ավանդույթի` ոչխարները, որոնց կաթից պետք է պատրաստվի դելիկատեսը, ամեն օր պետք է անխոչընդոտ զբոսնեն արոտավայրերում: Սակայն պանրի հայրենիքում`երկրի հարավային Լոզեր դեպարտամենտում, գայլերի թվաքանակի ավելացումը կարող է ոչխարներին զրկել տեղաշարժման ազատությունից:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վերջին ժամանակներս գրանցվել է ոչխարների վրա հարձակման 30 դեպք, ինչի հետեւանքով սատկել է 62 ոչխար:
Ըստ 2004 թվականին ուժի մեջ մտած օրենքի` այդ շրջանում գայլերին կարելի է կրակել միայն հատուկ թույլտվությամբ եւ այն դեպքում, երբ այլ միջոցներ չեն օգնում: Ոչխարների պաշտպանության միջոցներից մեկը կարող է լինել հովվաշների ձեռքբերումը կամ լարման տակ գտնվող ցանկապատների տեղադրումը: Սակայն ագարակատերերը պնդում են, որ դա շատ թանկ կլինի եւ հազիվ թե օգնի ամբողջովին լուծել խնդիրը:

























