Գիտնականները պարզել են, որ պոլիէթիլենիմինների խմբի նյութերը` պոլիէթիլենի եւ ազոտի միացությունները, ուժեղացնում են հակավարակային պատվաստանյութերի, այդ թվում` գրիպի, հերպեսի եւ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութերի ազդեցությունը: Հոդվածը հրապարակվել է Nature Biotechnology ամսագրում:

Գիտնականների խմբի ղեկավար Քվենթին Սաթենթաուն` Օքսֆորդի համալսարանից, հայտնել է, որ ընդամենը մեկ պատվաստումից հետո գրիպից լիակատար պաշտպանության ձեռքբերումը չլսված բան է, անգամ մկների վրա փորձարկումների դեպքում:

Դա գիտնականներին վստահություն է ներշնչում, որ պոլիէթիլենիմիններն ունեն գրիպի կամ ՄԻԱՎ-ի վարակներից պաշտպանող պատվաստանյութերի հզոր հավելում  դառնալու բոլոր հնարավորությունները:

Սաթենթաուն եւ նրա գործընկերները փորձել են միջոցներ գտնել, որոնք կբարձրացնեն  վարակների դեմ դիմադրողականության պատվաստանյութերի ազդեցությունը:

Հոդվածի հեղինակները ուշադրություն են դարձրել պոլիէթիլենիմիններին, որոնք  ակտիվ կիրառվում են մոլեկուլյար կենսաբանների կողմից: Գիտնականները աճեցրել են  մկների սերունդ եւ այն բաժանել 3 խմբի: Նրանցից առաջինն ստացել է պատվաստանյութն առանց հավելման, երկրորդը` նյութի ազդեցությունն ավելացնող միջոցով, երրորդը`  պոլիէթիլենիմինային հավելանյութով: Ըստ ուսումնասիրողների` պոլիէթիլենիմինը մաքուր պատվաստանյութի համեմատությամբ 100 անգամ ավելացրել է մկների արյան մեջ հակամարմինների թիվը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Համոզվելով պոլիէթիլենիմինի արդյունավետության մեջ` Սաթենթաուն եւ նրա գործընկերները նոր դեղամիջոցն ստուգել են հերպեսի (HSV-2) եւ գրիպի պատվաստանյութերում: Ըստ գիտնականների` մեկ պատվաստումն առնետներին պաշտպանել է  վարակի մահացու չափաբաժնից` ի տարբերություն այլ պատվաստանյութերի: