Վրաստանում ռուսական նավին տուգանել են 39 հազար դոլարով` Սեւ ծովում կղանք արտանետելու համար: Ռուսական «Սիբիրսկի-2128» նավը ձերբակալվել է Փոթիում` վրաց սահմանապահների կողմից: 

Ըստ Վրաստանի սահմանապահ ոստիկանության` նավը Փոթիի նավահանգստում ծով է արտանետել կղանքային զանգվածներ:

Ձերբակալվել է նավապետը` Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Կիրյակովը, որի դեմ վարչական վարույթ է հարուցվել:

Փոթիի դատարանն արդեն տուգանք է սահմանել Կիրյակովին` 65 հազար լարի (1 դոլար/1,65 լարի) եւ պարտավորեցրել է նրան բնությանը փոխհատուցել 605 լարիով: Տուգանքի վճարումից հետո նավն իրավունք կստանա ազատ նավարկելու, հայտնում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ Սիերա Լեոնիե դրոշի տակ նավարկող բեռնատար CERENCAN նավի նավապետն էր վարչական պատասխանատվության ենթարկվել Փոթիի նավահանգստում  ծովում կղանք արտանետելու համար: Փոթիի քաղաքային դատարանը  CERENCAN-ի նավապետ, Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Սելիդեյին պարտավորեցրել էր տուգանք վճարել եւ փոխհատուցել վնասը` 66 ,3 հազար լարի ( 40 հազար դոլար): Տուգանքը վճարելուց հետո CERENCAN-ն ազատ նավարկության իրավունք էր ստացել: