Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ այս տարի, նոյեմբերի 4-ին, ամբողջովին վերանորոգված վանական համալիրում տեղի կունենա պատարագը։

Քաղաքապետի էջում նշվել է, որ Մոսկվայում պատրաստված 100 կգ-նոց խաչն արդեն Դիարբեքիրում է եւ 97 տարի անց կրկին այն կղողանջի։

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2,5 տարի ընթացքող վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին եւ այս տարվա նոյեմբերի 4-ին ամբողջական վերանորգման ենթարկված վանական համալիրում տեղի կունենա հերթական պատարագը։

1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին,  Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:

Մերձավոր արեւելքի ամենամեծ եկեղեցու զանգակատունը 1913-ին ավերվել է կայծակի հարվածից, որից հետո տեղի հայերը նոր զանգակատուն են կառուցել, որի զանգը ձուլվել էր  ոսկու եւ պղնձի խառնուրդից: Սակայն 1915-ին այս անգամ կայծակի հարվածած տեղին հարվածեցին թուրքերը՝ թնդանոթով ավերելով զանգակատունը միայն նրա համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից:

 Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։