Օգոստոսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն եւ լավ հիմք են հանդիսանում արդյունավետ ու բազմոլորտ համագործակցություն ծավալելու համար, եւ գոհունակությամբ ընդգծեց վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը եւ զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտա Դասսուն ասաց, որ ուրախ է այցելել Երեւան քննարկելու երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն կարեւորեցին անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի այցելությունը Իտալիա եւ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց խորհրդարանական դիվանագիտության դերին հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում:
Կողմերը քննարկեցին նաեւ առեւտրատնտեսական, գիտական, մշակութային եւ զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Մարտա Դասսուն կարեւորեցին նաեւ ապակենտրոնացված համագործակցության դերը երկկողմ հարաբերություններում: Հանդիպմանը քննարկվեց նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքը, այդ բնագավառում նախատեսվող զարգացումները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իտալիայի ԱԳ պետքարտուղարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն քննարկեցին նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր:




























