Տարվա առատ բերքի իրացումը , թեկուզ լարված, սակայն կազմակերպված է ընթանում: Թե բերքահավաքից առաջ, թե մթերումների եւ արտահանումների ողջ ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումներն արդյունավետ են եղել: Եւ չնայած մեկ-երկու ձեռնարկություններ, տարբեր պատճառաբանություններով, դեռեւս խուսափում են ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարել, սակայն, ամբողջությամբ վերցրած, մթերումները նախորդ տարվանից ավելի արդյունավետ են ընթանում եւ ընթացիկ տարվա ցուցանիշները զգալիորեն գերազանցում են 2011 թվականին:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարը հերթական հանդիպմանն էր հրավիրել խաղող մթերող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների, նրանց ուշադրությունը հրավիրելով խաղողի զանգվածային բերքահավաքի ժամանակ մթերումները ժամանակին, ամբողջությամբ եւ ըստ պայմանագրերի ապահովելու անհրաժեշտության վրա:
«Նախորդ տարի խաղողի մթերումները կազմակերպված անցան: Այս տարի խաղողի լավ բերք ունենք, եւ ես համոզված եմ, որ մթերումները նույնքան սահուն եւ անխոչընդոտ են ընթանալու: Սակայն հաշվի առնելով նախորդ տարվա փորձը` ձեր ուշադրությունն եմ հրավիրում մթերման գների եւ վճարման ժամկետների վրա: Պետք է գործեն ավելի խելամիտ` գյուղացու համար ընդունելի գներ: Ըստ ամենայնի, ժամանակին պետք է կատարվեն վճարումները: Գյուղացին պետք է զգա , որ իր աշխատանքը պաշտպանված է:»,- ասաց նախարարը:
Ծավալված քննարկման եւ անկեղծ երկխոսության արդյունքում խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին հնարավորինս վերանայել մթերման գների համար նախատեսված ներքին շեմը եւ անել ամեն ինչ, գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին եւ անկորուստ մթերելու համար:




























