Օգոստոսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտին(նստավայրը՝ Վիեննա)՝ հավատարմագրերի պատճենի հանձման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն:
Դեսպան Կրաուտը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-ավստրիական հարաբերությունների ամրապնդման եւ որակական նոր մակարդակի բարձրացման համար:
Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը նշեց, որ հունիսին կայացած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցը եւ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Հանդիպմանը գոհունակությամբ նշվեց, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը ներգրավվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, եւ առաջիկայում մի շարք ծրագրեր են նախատեսված իրականացման համար:
Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխգործակցության գիտակրթական եւ մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին:




























