Հոլիվուդյան նշանավոր ռեժիսոր Թոնի Սքոթի գրասենյակում թողնված ետմահու նամակը լույս չի սփռել նրա ինքնասպանության պատճառների վրա:

Ինչպես հայտնում է TMZ կայքը, վկայակոչելով ոստիկանության իրենց աղբյուրը, Սքոթի ուղերձը կարճ եւ զգացմունքային է եղել: Նրանում ռեժիսորը  հրաժեշտ է տվել իր կնոջը եւ երկու որդիներին` նրանց դիմելով սիրո եւ քնքշանքի խոսքերով: Սակայն իր արարքի բացատրությունը նա չի տվել: Տեղեկություն չի եղել նաեւ ռեժիսոի հնարավոր հիվանդության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սքոթը ուղեղի քացկեղի անբուժելի հիվանդությամբ է տառապել, նրա կինը հերքել է այդ լուրը`այն կեղծ որակելով:

Ավելի վաղ նաեւ հայտնի է դարձել, որ մեքենայում թողնված  մեկ այլ նամակով Սքոթը թվարկել է այն մարդկանց անունները, ում  կցանկանար տեսնել իր թաղման արարողության ժամանակ:

Թոնի Սքոթը մահացել է օգոստոսի 19-ին` նետվելով Լոս Անջելեսի Վինսենթ Թոմաս` 50 մետր բարձրություն ունեցող կախովի կամրջից: