Հասարակական գիտությունները ցանկացած ժողովրդի աշխարհայացքի հիմքն են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հայտնի արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Պրոֆեսոր Ասատրյանի խմբագրությամբ Iran and the Caucasus ամսագիրը 2011թ. արդեն նշել է իր  15-ամյա հոբելյանը, այն ամենահեղինակավոր ակադեմիական հրատարակություններից է, որը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, իսկ հաջորդ տարվանից լույս կտեսնի եռամսյակը մեկ: 

Զրույցի ընթացքում գիտնականը նշեց, որ  գիտական դաշտում հարկավոր է մշակել որոշակի չափորոշիչային  սանդղակ, օրինակ` հոդված որեւէ հեղինակավոր ամսագրում` երկու կրեդիտ, լեզուների իմացություն` կրեդիտների եւս որոշակի քանակ. Նախքան պրոֆեսորի կամ դոցենտի, դեկանի եւ այլ դիրքերի հասնելը հարկավոր է ունենալ կրեդիտների համապատասխան քանակ, այդպես վարվում են ամբողջ աշխարհում:

Դիտարկմանը, որ Հայաստանում հումանիտար գիտությունների որոշ նեկայացուցիչներ բողոքում են  առաջատար ամսագրերում իրենց հոդվածները հրապարակելիս առկա խոչընդոտներից, Գ. Ասատրյանը պատասխանել է, որ դա լուրջ չէ. «Տվեք ինձ լավ գրված հոդված անգամ Հակոբ Հակոբյանի պոեզիայի մասին, եւ ես այն կհրապարակեմ միջազգային հեղինակավոր ամսագրում»:

Այն խոսակցութունները, որ հայագետներն իրենց լավ կարող են դրսեւորել հայերենով, Գ. Ասատրյանը եւս  անլուրջ համարեց: Գիտությունը, նկատեց գիտնականը, միայն մեկ չափորոշիչ ունի` միջազգայինը, այն չի կարող լինել հայկական, ադրբեջանական,  դանիական եւ այլն: 

Դիտողությանը, թե ադյոք հեղինակի ազգային պատկանելութունը չի կարող արտահայտվել գիտական նյութում, Ասատրյանը նշեց. «Իհարկե, դա չի կարող չանդրադառնալ հեղինակի գիտական  նյութի վրա, սակայն դրանք պետք է բացառվեն նրա ընդհանուր շարադրանքից»:

Հիշեցմանը, թե մի քանի տարի առաջ Ադրբեջանի նախագահը պարգեւ էր խոստացել Ադրբեջանի գիտնականներին, եթե նրանք ապացուցեին, որ հայերը եկվորներ են այս տարածաշրջանում, պրոֆեսորը պատասխանեց.  «Ադրբեջանի նախագահի ասածն ուղղված է եղել ներքի պահանջներին: Իրականում, նա չէր կարող չիմանալ, որ  ոչ մի ասպարեզում էլ չեն կարդում գիտական կեղծ նյութերը: Այդ ուղղությամբ կիրառված ոչ մի միջոց էլ չի կարող  հաջողություն ունենալ»:

Ինչ վերաբերում է հայ բնագետների մեղադրանքներին հասարակական գիտությունների ներկայացուցիների հասցեին, որ նրանք ակտիվ չեն և քիչ են տպագրվում միջազգային վարկանիշային ամսագրերում, ապա, ըստ արեւելագետի, միշտ էլ այդպես է եղել։

Ինչ վերաբերում է գիտության ֆինանսավորման  ավելացման պահանջին, ըստ Գ. Ասատրյանի` ներկայիս պայմաններում դա ոչինչ չի տա եւ ոչ մի արդյունքի չի հանգեցնի, եթե գիտնականի գնահատման մեխանիզմները չշտկվեն: Դա  միջոցների զուր վատնում կլինի:

Անահիտ Սարգսյան