Հայաստանում շենքերն ու շինությունները հիմնականում կառուցված են 7-8 բալ հաշվարկային սեյսմակայունությամբ: Այդ մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում: Սակայն 1988 թ. երկրաշարժից հետո սեյսմիկ վտանգի մակարդակը Հայաստանում բարձրացվել է առնվազն մեկ կետով` համապատասխանելով 9-10 բալին:

ՀՀ ԱԻՆ-ը չի բացառում հետագայում 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժերի կրկնման հավանականությունը, ինչը կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Նման երկրաշարժերին դիմագրավելու նպատակով ՀՀ կառավարության օգոստոսի 30-ի նիստի հաստատմանն է  ներկայացվել որոշման նախագիծ`մինչեւ 1989 թ. կառուցված շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու մասին: Շենքերի առաջնահերթության ընտրությունը համատեղ պետք է իրականացնեն  արտակարգ իրավիճակների եւ քաղաքաշինության նախարարությունները: