Օգոստոսի 25-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  42-ամյա Վարդան Ա.-ն  եւ 24-ամյա ծնված Շավարշ Պ.-ն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի, Կոտայքի մարզային վարչությունների, Կոտայքի քննչական բաժնի եւ Նաիրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 23.30-ին, Երեւան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ից բերման են ենթարկվել 21-ամյա Արման Ս.-ն եւ 25-ամյա Սեդրակ Թ.-ն: Նրանք խոստովանել են, որ հանցագործությունը կատարել են իրենք:

Դեպքի վայրի զննությամբ` Պռոշյան գյուղին հարակից հողատարածքից, հայտնաբերվել է  ինքնաձիգ` պահունակով եւ 15 փամփուշտով, իսկ Աշտարակի ձորի հանգստյան գոտու հարակից տարածքի բետոնե սալիկի տակից` «ՏՏ» ատրճանակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով ու 235 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Արման Ս.-ն եւ Սեդրակ Թ.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է: