Երկկուսակցական համակարգն արդյունավետ խորհրդարանական կուսակցությունների առակայություն է ենթադրում, որոնք իրար են հաջորդում  իշխանությունում. Հայաստանի դեպքում չի կարելի խոսել երկկուսակցական համակարգի մասին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` ավելացնելով, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` այս կամ այն կուսակցությունները կներկայացվեն ՏԻՄ-ում եւ  այս կամ այն չափով  վերահսկողություն կստանան:

Պատասխանելով հարցին, թե ինչու ՏԻՄ ընտրություններում  Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ակտիվություն չեն դրսեւորում, Մարկարովն ասաց, որ  քաղաքական պայքարի մասնակցությունը պահանջում է մշտական մասնակցություն քաղաքական ինտրիգներին: «Այն, որ ընդդիմադիր ուժերն ընտրություններին չեն մասնակցում, պայմանավորված է կամ ռեսուրսների բացակայությամբ, կամ դրանց քիչ քանակով, որոնք տվյալ կուսակցությունները ձգտում են արդյունավետ օգտագործել 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում»,-պարզաբանեց փորձագետը:

Ի պատասխան այն հարցի, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանի» ակտիվությունը եւ ՀԱԿ-ի պասիվությունը  ՏԻՄ ընտրություններում չի հանգեցնի ՀԱԿ-ի վերջնական թուլացմանը, Մարկարովն ասաց. «Չեմ կարծում,  թե առաջիկա կես տարում ՀԱԿ-ը կհեռանա երկրի քաղաքական ասպարեզից, քանի որ որոշակի տեղ է այնտեղ գրավում: ՀԱԿ-ի ընտրազանգվածը առանձնահատուկ է, եւ դա այն բանի գրավականն է, որ Կնոգրեսը չի անհետանա քաղաքական բեմից: Իր յուրահատկությամբ աչքի է ընկնում նաեւ ԲՀԿ-ի ընտրազանգվածը: Սակայն հարցն այլ է`  ինչպես իրեն կդրսեւորի ԲՀԿ-ն` որպե՞ս իշխանությունների այլընտրանք, թե՞ իրական ընդդիմություն ՀՀԿ-ի նկատմամբ»: