Հայաստանում ՏԻՄ ընտրությունները երբեք քաղաքական բաղադրիչ չեն ունեցել, եւ հետեւաբար դրանք քաղաքական տեսակետից դիտարկելը հիմարություն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` նշելով, որ սա իր անձնական տեսակետն է, որով չի ցանկանում որեւէ մեկին վիրավորել:
«ՏԻՄ ընտրություններում քաղաքական աստառի փնտրտուքը նման է մութ սենայակում սեւ կատու փնտրելուն, հատկապես որ նա այնտեղ չկա»,-նշեց Քոչարյանը:
Նրա կարծիքով` ընդդիմությունը, ի դեմս ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», չի մասնակցում առաջիկա ընտրություններին` նկատի ունենալով քաղաքական բաղադրիչի բացակայությունը. «ՏԻՄ ընտրություններում պայքար չկա եւ առաջիկայում չի լինի»:
Պատասխանելով հարցին, արդյոք հավանական է համարում, որ ՏԻՄ ընտրություններից հետո ԲՀԿ-ն հայտարարի, թե դադարում է քաղաքական այլընտրանք լինել կառավարող կուսակցությանը, Քոչարյանը դրական պատասխանեց. «Հնարավոր է, որ ԲՀԿ-ն ոչ միայն կարող է մնալ որպես այլընտրանք, այլեւ հայտարարի, թե դարձել է ընդդիմություն»,-ասաց Քոչարյանը` նկատելով, որ մոտ ժամանակներում իրական չի համարում երկկուսակցական համակարգի ձեւավորումը:




























