Թեպետ ՀՀԿ-ն հայտարարել  էր, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարելու էԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Սամվել Բալասանյանին, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն որոշեց նույնքան բարի չգտնվել հանրապետականների հանդեպ։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

 «Օրերս ԲՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  որեւէ տեղ չի պաշտպանելու ՀՀԿ ներկայացուցչի։

Թե արդյոք այդ հայտարարությունը չի նմանվում ԲՀԿ-ի կողմից երախտամոռության դրսեւորման՝ «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից։

-ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն տարբեր քաղաքական ուժեր են, եւ ես կոնկրետ Հանրապետական կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք մեր որոշումները կայացնելու սկզբունքներն ու մեխանիզմներն ունենք։ Եթե մի որեւե տեղ որոշում ենք կայացրել, որ պետք է սատարենք այս կամ այն քաղաքական թիմը ներկայացնող անձի, ապա դա չենք անում՝ փոխարենն ակնկալելով, թե այլ քաղաքական թիմի կողմից կսատարեն մեր թեկնածուներին։ Առավել եւս, պետք է նշեմ, որ մենք նման խնդիր չունենք եւ որպես քաղաքական ուժ մեր որոշումներով ենք առաջնորդվում, այսինքն՝ դաշտն ազատ է եւ ցանկացած քաղաքական թիմ ինքն է որոշում, թե որտեղ որ թեկնածուին սատարի»,- գրում է «Իրավունքը»: