Նախօրեին բավականին լարված մթնոլորտում առանձնազրույց են ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«ԱԽՔ Արթուր Բաղդասարյանր փորձել է հնարավորինս կոռեկտի ու չափավորի մեջ գյուղնախարարին հասկացնել, որ հանկարծ այնպես չստացվի, որ ոլորտում առկա բացթողումները ուղիղ հարված հասցնեն կամ իրենց ազդեցությունը թողնեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ու գալիք նախագահական ընտրությունների վրա: Ավելին, Բաղդասարյանը Կարապետյանին ասել է, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի նախարարը գյուղատնտեսության ոլորտում առաջնորդվի ոչ թե իր սեփականություն հանդիսացող «Արտֆուդ» գործարանի շահերով, այլ ավելի շատ զբաղվի գյուղացիներին հուզող խնդիրներով, քանի որ 2013-ի հաշվետվությանը քիչ ժամանակ է մնացել: ՕԵԿ-ական շրջանակներում պտտվող նույն լուրերի համաձայն, Բաղդասարյանը նախարար Կարապետյանին նաեւ սաստել է շատ կարճ ժամանակահատվածում փակել «Արտֆուդի» պարտքերը եւ մեկ առ մեկ վճարել գյուղացիների հասանելիք գումարները: Իսկ հանդիպման ավարտին Բաղդասարյանը իրեն չի կորցրել ու կատակով փորձել է կոմպենսացնել շեֆական տվայտանքները` ասելով. «Դե, պարոն Կարապետյան, մի խելքը լավ ա, բայց երկու խելքը ավելի լավ ա, դրա համար ճիշտը նա է, որ չթողնենք` մեր վրա ավելորդ խոսակցություններ գան»:

Հավելենք, որ մեկ այլ ճշտվող տեղեկատվության համաձայն էլ, այս հանդիպման հետ կապված որոշակի վերապահումներով վերեւից խոսակցություն է եկել հենց Բաղդասարյանի վրա` Կարապետյանի հետ նման թեմաներ բացելու համար»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: