Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն արտակարգ նիստ է հրավիրել, որի ժամանակ կոչ է արել դադարեցնել բռնությունը Մադուրա կղզում: Կղզում բախումներ են տեղի ունեցել սունիների եւ շիաների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել է 2 մարդ: Նախագահը հայտարարել էր, որ եթե տեղական հետախուզական ծառայությունները նորմալ աշխատեին, բռնությունից հնարավոր կլիներ խուսափել:
Ինչպես Jakarta Globe-ին վկայակոչելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին », Մադուրա կղզում ձերբակալվել է 7 մարդ:
Օգոստոսի 26-ին սկսված բախումների պատճառ է դարձել Արեւելյան Յավայում ուսուցում անցած տասնյակ աշակերտների վերադարձը:
Սառը զենքով զինված հազարավոր սունիների ամբոխը հարձակվել է շիաների վրա եւ սկսել ավերել ու այրել տները, ինչի հետեւանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 5-ը: 160 ոստիկան չեն կարողացել վերջ տալ բախումներին: Տուժածների շարքում է շրջանային ոստիկանության ղեկավարը:
Ինդոնեզիայում 220 միլիոն քաղաքացի իսլամի հետեւորդ են, նրանց մեծամասնությունը սունիներ են, շիաների թիվն ընդամենը մեկ միլիոն է:
Սրանք վերջին ժամանակներս կղզում նմանատիպ առաջին բախումները չեն: Նախորդ տարվա դեկտեմբերին սունիների հարձակումները 500 շիաների ստիպեցին տներից փախչել Նանգկերնանգ գյուղից:


























