Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը, որը Ուկրաինայից Ռուսաստան էր արտաքսվել Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով, ժխտում է հանցագործությանն իր մասնակցությունը: Օգոստոսի 27-ի հարցաքնության ընթացքում Պյանզինը մեղադրել է  զոհված Ռուսլան Մադայեւին, իսկ իրեն  կազմակերպման վկա է անվանել:

Պյանզինին Մոսկվա էին տեղափոխել օգոստոսի 25-ին: Փաստաբան Վլադիմիր Մարկովը «Կոմերսանտ» թերթին հայտնել է, որ  մեղադրյալն ինքնավստահ տեսք է ունեցել, կալանքի պայմաններից չի բողոքել: 

Օգոստոսի 26-ին Մոսկվա է ժամանել Պյանզինի կինը, որը Մարկովին հայտնել էր, որ իր ամուսնու շահերն ուրիշ փաստաբան կներկայացնի, որն ունի  «ահաբեկչական ուղղվածության գործեր վարելու ավելի մեծ փորձ»:

Օգոստոսի 27-ին կայացել է երկրորդ հարցաքննությունը, որի ընթաքում Պյանզինը մանրամասն պատմել է իրեն հայտնի հանգամանքները: Ըստ մեղադրող կողմի վարկածի` նա հանցավոր խմբավորման ակամա մասնակից է դարձել:

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբին հաջողվել էր վնասազերծել 2012 թվականի հունվար-փետրվարին: Ի. Պյանզինն առաջինն էր հայտարարել, որ  հարձակում էր նախապատրաստվում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ:

Ադամ Օսմայեւը հաստատել է Ղազախստանի քաղաքացու ցուցմունքները: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալված չեչենը ցանկացել էր ժամկետ ստանալ Ուկրաինայում եւ այդպիսով խուսափել Ռուսաստան արտաքսվելուց: Սակայն այն բանից հետո, երբ Օդեսայի դատարանը հաստատել էր նրա հանձնումը Ռուսաստանին, Օսմայեւը հրաժարվել էր իր ցուցմունքներից` Պյանզինին անվանելով  «ռուսական ծառայությունների սադրիչ»: