Կանադական Ռոդոն քաղաքում երիտասարդ կինը խեղդվել է ջրվեժում, երբ լուսանկարվելու համար հարսանեկան զգեստով կանգնել է դրա տակ։

Վերջերս ամուսնացած 30-ամյա Մարիա Պանտազոպուլոսը ցանկանում էր ֆոտոշարք ստեղծել տարածված «trash the dress» ոճում, որի ընթացքում նորապսակ կինը լուսանկարվում է հարսանեկան զգեստը փչացնելու ընթացքում։

Մարիան որոշել է լուսանկարվել ջրվեժի մոտ, սակայն սայթաքել է եւ ջուրն ընկել։ Ծանր զգեստը թացացել է եւ քաշել նրան դեպի հատակ, հաղորդում է MIGNews-ը։

Ինչպես պատմել է հրավիրված լուսանկարիչը, տեսնելով, որ աղջիկը խեղդվում է, նետվել է ջուրը նրան փրկելու, բայց ոչինչ չի կարողացել անել։

«Երբ աղջիկը ջուրն է ընկել, զգեստը ակնթարթորեն թացացել եւ ծանրացել է։ Ես փորձեցի անել ամեն հնարավորը նրան փրկելու համար», - նշել է լուսանկարիչը։

Խեղդվածի մարմինը հայտնաբերել են ողբերգությունից մի քանի ժամ անց՝ Դորվին Ֆոլլս զբոսայգու տարածքում, որտեղ նկարվում էր ֆոտոշարքը։