Աթենքում Օգոստոսի 28-ին Ազգային բանկի շենքի մոտ պայթյուն է որոտացել։ Նյութական լուրջ վնաս է հասցվել հարեւան խանութներին եւ կայանած ավտոմեքենաներին։

Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել, քանի որ ինքնաշեն ռումբը պայթել է վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 03:30-ին։ Պայթուցիկ սարքը դրված է եղել բանկոմատի մոտ։ Կոտրվել են խանութների ցուցափեղկերը, չորս ավտոմեքենաներ մի փոքր վնասվել են, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Իշխանությունները կասկածում են, որ պայթյունը կազմակերպել են ահաբեկիչները։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, չեն եղել նաեւ զգուշացնող զանգեր։

Հունաստանում սոցիալական լարվածության պայմաններում վերջին տարիներին հաճախացել են բանկերի, արտասահմանյան ընկերությունների եւ քաղաքական գործիչների գրասենյակների հրդեհումները։ Որպես կանոն հարձակումներ  են գործում անարխիստական ձախ խմբավորումները։