Սիրիայի իշխանամետ «Al-Ikhbariya» հեռուստաալիքի եթերում է հայտնվել թուրք լրագրող Ջունեյտ Ունալը, որն ավելի վաղ կորել էր Սիրիայում, «Ինտերֆաքսին» վկայակոչելով գրում է NEWSru.com-ը։
Ունալը խոստովանել է, որ օգոստոսի 20-ին հորդանանցի իր գործընկեր Բաշար Ֆահմիի եւ ճապոնացի երկու լրագրողների հետ, որոնցից մեկը՝ Միկա Յամոմոտոն, զոհվել է Հալեպի մարտերի ընթացքում, ապօրինի հատել է թուրք-սիրիական սահմանը։
Լրագրողները միացել են Հալեպի խռովարարներին, սակայն Ունալին մարտերից մեկից հետո բռնել են սիրիական բանակի զինվորները։
Ինչպես նշել են թուրքական լրատվամիջոցները, տեսանյութից դատելով՝ լրագրողի առողջական վիճակը նորմալ է, սակայն նա չափազանց անհանգստացած էր երեւում։
Ունալի հետ տեսագրության հայտնվելուց հետո Անկարայում մամուլի ասուլիսում ելույթ ունենալով` Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն փորձել է հերքել սիրիական կողմի հայտարարությունն այն մասին, որ թուրք լրագրողը կռվել է գրոհայինների կողմից: Ընդ որում, որեւէ համոզիչ փաստարկ թուրք դիվանագետը չի ներկայացրել:
Մինչդեռ, Արեմուտքի եւ Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմության ներկայացուցիչները երկրի հյուսիսային մայրաքաղաք Հալեպը զավթելու անհաջող փորձերից հետո դիմել են ամերիկյան վարչակազմին` խնդրելով Սիրիան դարձնել ոչ թռիչքային գոտի, ինչպես որ արվել էր Լիբիայի դեպքում: Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» ասել է. «Կարծում եմ, նրանք այժմ անելու բան ունեն, սկսած բյուջետային խնդիրներից մինչեւ ընտրություններ: Նրանք ռիսկի չեն դիմի ելույթ ունենալով այն ժամանակ, երբ նրանց նախընտրական իրավիճակը միանշանակ չէ»: Սպիտակ տանը հաստատել են, որ ԱՄՆ-ն դեռեւս չի պատրաստվում Սիրիան հայտարարել ոչ թռիչքային գոտի:




























