Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան, որոնք վավերացրել են ԱՊՀ շրջանակում ազատ առեւտրի մասին պայմանագիրը, մտադիր են տարեվերջին գործարկել առեւտրային վեճերը միջնորդ դատարանի միջոցներով հարթելու մեխանիզմը։

Այցով Կիեւում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպենյովը հայտարարել է, որ առեւտրային վեճերը հարթելու համար միջնորդ դատավորների թեկնածուներ ընտրելու մասին որոշում է կայացվել։

 «Վստահ եմ, որ այդ մեխանիզմը ոչ միայն ավելի էժան կլինի, այլեւ ավելի արագ, քան Ժնեւում (որտեղ գտնվում է ԱՀԿ-ի վեճերը հարթելու մարմինը)», - հայտարարել է նա, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»։

Օգոստոսի 27-ին Ուկրաինան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ առեւտրային հարցերով համագործակցության մասին հուշագիր է ստորագրել։

Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դա ուկրաինացի արտադրողների վեճերի կարգավորման այլընտրանք է, մասնավորապես, նոր մեխանիզմից կարող են օգտվել ուկրաինական պանրի արտադրողները՝ Ռուսաստանի շուկայում խնդիրները լուծելու համար։

Առեւտրային վեճերը հարթելու կանոնակարգը կցված է ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրին, որը կոչված է փոխարինել ԱՊՀ երկրների միջեւ գործող պայմանագրին։ Սակայն նոր փաստաթուղթը վավերացրել են միայն երեք երկրներ՝ Ուկրաինան, Բելառուսը եւ Ռուսաստանը։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 23-ին։ Պորոշենկոյի խոսքով՝ ԱՊՀ շրջանակում ազատ առեւտրի գոտու համաձայնագրերը արդեն մոտ ժամանակներս հնարավոր է վավերացնել Ղազախստանում։

Սպասվում է, որ ԱՊՀ շրջանակում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կվավերացնեն եւս հինգ երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան եւ Մոլդովա։