Թուրքիայում Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն Մարութա սարի գագաթին գտնվող Սուրբ Ասվտածածին եկեղեցու դեմ իրականացված ոտնձգությունից հետո դիմում է ներկայացրել Բաթմանի (Սասուն) նահանգապետարան՝ կոչ անելով պահպանության տակ առնել հայկական եկեղեցիները։

Ինչպես տեղեկացնում է թուրքական IHA լրատվական գործակալությունը, Ազիզ Դաղջըն իր դիմումում նշել է, որ վերջին շրջանում որոշ սադրիչների կողմից Բաթմանի նահանգում գտնվող հայկական եկեղեցիները հարձակման են ենթարկվում։ «Վերջին դեպքը՝ Սասունի Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերումն էր։ Անհրաժեշտ է, որ Սասունի շրջանի Մեշելի գյուղի հետեւում գտնվող եւ 365 սենյակ ունեցող Պետրոս Առաքյալի վանքը եւս պահպանվի։ Ավելի վաղ դիմում էին ներկայացրել նահանգապետարան՝ պահպանության տակ առնելու Սասունի Ռեշմիկ գյուղի հայկական եկեղեցու, Քոզլուքի շրջանի Աքչաքլը գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիները։

Մենք չենք հավատում, որ եկեղեցիները քանդվում են գանձ որոնողների կողմից։ Մենք որպես համայնք տուժվել ենք, չունենք աղոթատեղի։ Այդ բոլոր եկեղեցիները գրանցված են։ Լոզանի համաձայնագրի 42-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ թուրքական կառավարությունը ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիներն ու հոգեւոր մյուս կառույցները պետք է պահպանի։ Անհրաժեշտ է, որ Թուրքիայի հանրապետությունը կատարի համաձայնագրի դրույթները»,- ասել է Ազիզ Դաղջըն։