Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մեր հանրապետությունում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սմբատյանին` Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված համերգի համար՝ նշելով, որ այն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից:

Նախագահ Սահակյանն ընդգծել է ոլորտի զարգացման գործում նման միջոցառումների դերը եւ այս համատեքստում կարեւորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: