Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` օգոստոսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա):

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել եւ հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ-ավստրիական քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ավստրիական միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին:

Նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաեւ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:

Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը: