Այն լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածության աջակցության համար առաջադրել է երկու նախապայման, իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

Ըստ Զոհրաբյանի` վերջին ժամանակներս մամուլում, «հավաստի» աղբյուրներին վկայակոչելով, հայտնվում են կայանալիք նախագահական ընտրություններին Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի դիրքորոշման վերաբերյալ լուրեր, քաղաքագետների մտացածին վարկածներ այդ թեմայով:  Սակայն այդ բոլորն իրականության հետ կապ չունեն:  ««Բարգավաճ Հայաստանից» նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցին  պատասխան ստանալու փորձերը հաջողություն չեն ունենա: Մեր պատասխանը մեկն է: Երբ «Բարգավաճ Հայաստանը» ճշտի իր դիրքորոշումը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ մասին համապատասխան հայտարարություն կարվի», - ասել է Զոհրաբյանը:

Նշենք, որ լրատվամիջոցներոմ  շրջանառվում է այն տեղեկությունը, որ կիրակի օրը երկիր վերադարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մասիսի ակտիվիստների հետ եւ խոսել է ոչ միայն  այդ քաղաքի քաղաքապետի ընտրությունների, այլեւ կայանալիք նախագահական ընտրությունների մասին: «Նա հայտարարել է, որ երկու նախապայման է առաջադրել նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին աջակցելու համար. «Բարգավաճ Հայաստանին» Կառավարությունում հատկացնել տեղերի  30 տոկոսը եւ փոխել վարչապետին: «Եթե նա համաձայնի իմ պայմանին, ապա մենք նրան կաջակցենք, եթե ոչ, ապա ես անձամբ իմ թեկնածությունը կառաջադրեմ», - ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հատուկ ընդգծելով, որ «Բարգավաճ Հայաստանը» մտադիր չէ  աջակցել այլ թեկնածուների, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Կարապետյանին, որոնց անունները նշվում են որպես «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուներ: