Բիշքեքը դիմել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին՝ խնդրելով աջակցել հանրապետության նախկին նախագահ Ղուրմանբեկ Բակիեւի եղբայր Ժանիշ Բակիեւին հանձնելու գործում, որը գտնվում է Բելառուսում։ Այդ մասին ասված է Ղրղըզստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Նախորդ շաբաթվա սկզբին Ղրղըզստանի ԱԳՆ-ն վերբալ նոտա էր հանձնել Բիշքեքում Բելառուսի դեսպանին, որտեղ մտահոգություն էր հայտնել լրատվամիջոցներում հրապարակված պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Ժանիբեկ (Ժանիշ) Բակիեւի լուսանկարների հետ կապված, որոնք հաստատում էին Բելառուսի տարածքում նրա գտնվելը: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ քաղաքացի Բակիեւը միջազգային հետախուզման տակ է գտնվում: Օգոստոսի 24-ին բելառուսական կողմից արձագանքի բացակայության հետեւանքով Բիշքեքը Մինսկից հետ էր կանչել իր դեսպան Էրիկ Ասանալիեւին:
Ժանիշ Բակիեւը մեղադրվում է եռակի սպանության կազմակերպման մեջ` 2009 թվականի մարտին նախագահի աշխատակազմի ղեկավար Մեդեթ Սադիրկուլովի, ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սլեպչենկոյի եւ վարորդ Քուբաթ Սուլայմանովի:
Համացանցում հրապարակված աղմկահարույց լուսանկարներում պատկերված է նախկին նախագահի եղբայր Ժանիշ Բակիեւը: Այնտեղ երեում են նաեւ Ղրղըզստանի քաղաքացիներ Թահիր Ռասիլաեւը եւ Ռուստամ Սայդուեւը, որոնք եռակի սպանության գործում գլխավոր մեղադրյալներն են:




























