Թուրքիայի հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների տասնյակ ներկայացուցիչներ հայտարարել են, որ իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում թուրք ժողովուրդը սիրիացիների կողմից է, հայտնում է սիրիական պետական լրատվական «ՍԱՆԱ» գործակալությունը։
Նրանք նաեւ դատապարտել են Էրդողանի կառավարության դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ՝ վարչապետից պահանջելով դադարեցնել սիրիական հողում աննախադեպ դաժան ոճիրներ իրագործող ահաբեկչական խմբավորումների աջակցությունը։
«Դափնի» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել սեմինար, որի ընթացքում թուրք հասարակական գործիչները նշել են, որ Սիրիային թշնամի արեւմտյան շրջանակները երկրի դեմ կազմակերպել են խոշոր դավադրություն:
«Այդինլիկ» թերթի գլխավոր խմբագիր Սերխան Բոլուկը նշել է, որ Սիրիական արաբական բանակը պաշտպանում է հայրենիքը զինված ահաբեկիչներից եւ վարձկաններից:
Թուրք գրող Այթաչ Խամուրջուն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանի կառավարությունն աջակցում է «Ալ Կաիդայի» հետ կապված իսլամական ծայրահեղականներին՝ նրանց Սիրիա ուղարկելով, ինչն ինքնին հանցագործութուն է:
Ինչպես հայտարարել է խորհրդարանական Ռաֆիկ Էրիելմազը, իր համար պատիվ չէ խորհրդարանում նստել Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցության ներկայացուցիչների կողքին, որոնք աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին:
Թուրքիայի Կոմունիստական կուսակցության ԿԿ-ի անդամ Քեմալ Օկույանը Էրդողանի կառավարությանը նախազգուշացրել է հակասիրիական ընդդիմության վտանգավոր հետեւանքների մասին:




























