Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ, նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, եւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Ապուոկասի ներդրումը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ հույս հայտնել, որ Հայաստանում Լիտվայի հաջորդ դեսպանը կկարողանա արձանագրված առաջընթացը պահպանել եւ ավելի զարգացնել:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի տնտեսական ծրագրերի նկատմամբ լիտվական ընկերությունների հետաքրքրվածության եւ ներդրումների մասին՝ նշելով, որ տնտեսական ոլորտում աստիճանաբար ակտիվացող համագործակցությունը խթանում է նաեւ մշակութային ոլորտում երկկողմ կապերի ամրապնդումը:
ՀՀ նախագահը բարձր է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին Լիտվայի ցուցաբերած աջակցությունն ու եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցում փորձի փոխանակումը:
ՀՀ նախագահը եւ Լիտվայի դեսպանը կարեւորել են հայ-լիտվական համագործակցության զարգացումը նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:




























