Ադրբեջանի իշխանությունները պետության իմիջն արտասահմանում բարելավելու համար  PR գործակալություններ են վարձում, բայց միաժամանակ երկրում սահմանափակում են մամուլի ազատությունը։

Ադրբեջանի իշխանությունները նախկինի պես դաժան են վարվում քննադատաբար  մոտեցող լրագրողների հետ, կարծում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպանական կազմակերպությունը։ Նման լրագրողներին մեղադրանք ներկայացնելով ձերբակալում են եւ դատում, այն դեպքում, երբ կառավարությունը հսկայական միջոցներ է ծախսում ժամանակակից եւ ազատ երկրի իմիջ ստեղծելու համար, օգոստոսի 27-ին Բեռլինում հայտարարել է կազմակերպությունը, հաղորդում է «Գերմանական ալիքը»։

Մասնավորապես, Բաքվի իշխանությունները ջանքեր են գործադրում Գերմանիայում իրենց հեղինակության բարձրացման համար, որտեղ «Եվրատեսիլ» երգի  մրցույթի նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ մամուլի  ազատության խախտման մասին: Այդ խնդրով զբաղվում է բեռլինյան «Consultum Communications» PR-գործակալությունը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլից» 100 օր անց Ադրբեջանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն ընկել է:  Միջոցառումից 5 օր անց նախագահ Իլհամ Ալիեւի խորհրդականներից մեկը հասարակությանը կոչ է արել ատելություն արտահայտել բոլոր նրանց, ովքեր արտասահմանյան լրատվամիջոցներին հայտնել են մարդու իրավունքների խախտման մասին: 

Հունիսի կեսերից գործող նոր օրենսդրականնորմերը սահմանափակում են մամուլի ազատությունն Ադրբեջանում, ասվում է փաստաթղթում: Դրանք ադրբեջանական ընկերություններին թույլ են տալիս թաքցնել  իրենց բաժնետերերի եւ սեփականատերերի մասին տեղեկությունները, իսկ պետության ղեկավարին եւ նրա կնոջը երաշխավորում են  քրեական հետապնդումից ցմահ անձեռնմխելիություն:

Օրենսդրության փոփոխություններն արվել էին պետական պաշտոնյաների կաշառակերության եւ նախագահական ընտանիքի բիզնեսի վերաբերյալ լրագրող Խադիջա Իսմայլովայի մի քանի հրապարակումներից հետո:

Միաժամանակ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը  արեւմտյան քաղաքական գործիչներին կոչ են արել պնդել Ադրբեջանի իշխանությունների կողմից  մարդու իրավունքների ոլորտում միջազգային համաձայնագրերի կատարումը եւ դա պայման դարձնել Բաքվի հետ քաղաքական համագործակցութան: «Մարդու իրավունքնեի եւ մամուլի ազատության թեմաները չպետք է  ենթարկվեն տնտեսական շահերին: Լրագրողները պետք է հնարավորություն  ունենան խզել կապերը քաղաքականության,  PR-գործակալությունների հետ, եւ իրենց աշխատանքում նրանք չպետք է զիջեն քաղաքական ճնշումներին», - հայտարարում են իրավապաշտպանները: