Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հրապարակումը, թե Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները պատրաստվում են Ստամբուլում «Ֆեներբահչե»-ի հետ խաղի ժամանակ պարզել Հայաստանի եւ Արցախի դրոշները եւ կարգախոսներ. «Թուրքիա, հետ տուր հայերի հողերը», մեծ իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում։

Թուրքական բոլոր տիպի լրատվամիջոցների գլխավոր լուրերի մեջ է «Սպարտակ»-ի երկրպագուների կողմից Հայաստանի եւ Արցախի դրոշների եւ վերոնշյալ կարգախոսի պարզման հետ կապված տեղեկությունը։

Նշենք, որ Օգոստոսի 21-ին Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի՝ «Սպարտակ» - «Ֆեներբահչե» (2:1) հանդիպման ժամանակ ռուսական ակումբի երկրպագուները տրիբունայում այրել էին Աթաթուրքի դիմանկարով պաստառներ։

Օգոստոսի 22-ի գիշերը թուրք հաքերները կոտրել էին Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, որը մինչեւ օրս անհասանելի է երկրպագուների համար:

Կայքի գլխավոր էջում հայտնվել էր Աթաթուրքի դիմանկարը հետեւյալ գրությամբ. «Անմիջապես ներողություն խնդրեք թուրք ազգից: ՖԻՖԱ-ն ուշադրություն չդարձրեց այս հանգամանքի վրա, սակայն մենք հանցագործությունն անպատիժ չենք թողնում»:

Հիշեցնենք, որ «Ֆեներբահչե»-«Սպարտակ» պատասխան հանդիպումը տեղի է ունենալու  այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։