Զարմանալի է, որ հանրությունը զարմանք է հայտնում Տիգրան Ուրիխանյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին արված գնահատականների կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ Ուրիխանյանի խոսքերը որոշ չափով խեղաթյուրվել են:

«ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս չկազմելու պատճառներից մեկը երկրում իրականացվող  տնտեսական քաղաքականությունն էր: Ներկայիս տնտեսական քաղաքականությունն ի զորու չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները` միգրացիա, աղքատություն, աշխատատեղերի ստեղծում»,-նշեց Զոհրաբյանը:

Ի պատասխան այն հարցի, թե  ինչու ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը նախագահի հրաժարականը չի պահանջում, Զոհրաբյանը նշեց. «ԲՀԿ-ն իրականացնում է  իր գործունեությունը` հայտարարելով, որ ներկայիս կառավարությունն ի վիճակի չէ լուծել խնդիրները,  իսկ հետեւություններ թող անեն նրանք, ովքեր կարծում են, որ երկրում բավկանին լավ սոցիալ-տնտեսական քաղաքականություն է իրականացվում: Եզրակացություններ պետք է անեն նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի ներկայիս վիճակի համար»:

Պատասխանելով հարցին,  թե ինչ կձեռնարկի ԲՀԿ-ն, եթե եզրահանգումներ չարվեն, Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն ճիշտ է իրականացնում իր գործունեությունը, հաշվարկված, այնպես որ պետք չէ առաջ ընկնել:

Ինչ վերբերում է նրան, թե արդյոք ԲՀԿ-ն ունի վարչապետի իր թեկնածուն, Զոհրաբյանը հայտարարեց, որ  կուսակցությունն իր առջեւ նման խնդիր չի դրել. «Այդ հարցը չի քննարկվել: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Եթե ԲՀԿ-ն նպատակահարմար գտնի նման հարց քննարկել, ապա կքննարկի»: