NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  «EurActiv»-ի կայքում հրապարակված Բրյուսելում Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Փինթոյի հոդվածը.

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտությունը, որպես կանոն, անվանում են «սառեցված»,  եւ դա կարծես  քաղաքացիների եւ եվրոպական կառույցների մոտ ինքնահանգստացում է  առաջացնում: Սակայն ինչպես ակնհայտ ցույց տվեց Վրաստանի պատերազմը, սառեցված չի նշանակում անվտանգ:

Վերջերս ես հանդիպում անցկացրեցի Թբիլիսում` Հարավային Կովկասի երեք երկրների Եվրոպական շարժումների ներկայացուցիչների մասնակցությամբ, որն ուղղված էր երկու կողմերի միջեւ ուղիղ երկխոսության հաստատմանը:

Երբ սկզբնական լարվածությունը հաղթահարվեց,  հստակորեն  երկու ասպեկտ արտահայտվեց. առաջինը այն հսկայական ազդեցությունը, որ հակամարտությունը թողնում է Հայաստանի եւ Ադրբեջանի վրա` լինի դա տնտեսական (Հայաստանում ավելի շատ, քան Ադրբեջանում) կամ սոցիալական (Ադրբեջանում ավելի շատ, քան Հայաստանում), ինչպես նաեւ ժողովրդավարության որակի վրա:

Մյուս կողմից գրեթե ցնցող էր տեսնել, թե  ինչքան քիչ գիտեն երկու երկրներում միմյանց մասին, եւ որքանով են պատկերացումները հիմնված քարոզչական ենթադրությունների վրա:

Այս հանդիպման արդյունքներից մեկն այն էր, որն այն վերջինը չի լինի: Որոշվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին` Բաքվում: Մյուս արդյունքն այն է, որ  համատեղ նախագծեր կմշակվեն եւ կիրականացվեն:

Մենք լավ ենք հասկանում իրավիճակի բարդությունը եւ  գիտենք, որ բարի կամքն ինքնին բավարար չէ:  Նմանատիպ նախաձեռնություններն արժանի են Եվրամիության աջակցությանը: ԵՄ-ն շատ կշահի ` հակամարտության լուծման հարցում ջանքերն ավելացնելով եւ ավելի վճռական կանգնելով տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կողքին, որոնք պատրաստ են աշխատել իրավիճակի փոփոխության համար:

Հակամարտութայն խաղաղ կարգավորումը դրական կլինի ոչ միայն ներգրավված երկրների, այլ տարածաշրջանի համար: Այն ոչ միայն տարածաշրջանի ժողովուրդների համար տնտեսական եւ սոցիալական զարգացման հնարավորություներ կբացի, այլեւ կամրապնդի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնական արժեքներն ու ԵՄ կարգավիճակը` որպես նախընտրելի ռազմավարական գործընկերոջ: