«Հրապարակը» գրում է. «Ինչպես եւ սպասվում էր, նախագահի ու վարչապետի ամառային հանգստից հետո մեկնարկել է կադրային փոփոխությունների սեզոնը: Սա միակ գործընթացն է, որ մեր երկրում անխափան գործում է: Պարբերաբար այս կամ այն ոլորտում որակ փոխելուն միտված ջանքերը վերածվում են ընդամենը կադրային տեղափոխությունների: Եվ այսպես,  Տիգրան Սարգսյանը երեկ մի շարք փոփոխություններ է արել իր ենթակա գերատեսչություններում:

Գագիկ Բեգլարյանի՝ կապի եւ տրանսպորտի նախարար նշանակվելուց հետո այս նախարարությունում մի քանի կադրային փոփոխություններ են եղել: Մեր տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե  Ջիլավյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Բեգլարյանը փորձել է իր կադրին նշանակել, սակայն, քանի որ նախարարի թեկնածուն թոշակային տարիքին մոտ է եղել, նրա ցանկությունը ձախողվել է:

Հնարավոր է, որ Վահե Ջիլավյանին նշանակեն սփյուռքի փոխնախարար: Երեկ այստեղ փոխնախարարի տեղ է ազատվել՝ Արմեն Հայրապետյանին են հեռացրել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա թափուր տեղն էլ կլրացնի Ջիլավյանը: Բնապահպանության նախարարությունում եւս նորանշանակ կա: Այստեղ էլ փոխնախարար է նշանակվել «Անանիա Շիրակացի» ճեմարանի  փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը: Վերջինս նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպության  ղեկավար է:

Ուշագրավն այն է, որ այս կադրային փոփոխությունները ոչ մի ձեւով չեն տարածվում ՕԵԿ-ականների վրա: Անընդհատ խոստումներ են հնչում, թե հեսա-հեսա նրանց էլ կընդգրկեն, բայց ակնհայտ է, որ ձգձգում են:  Չնայած ՕԵԿ-ը լուծարվել է ու վերակազմավորման փուլում է, բայց իշխանությունը կարող էր նրան եւս տեղեր առաջարկել եւ համապատասխան նշանակումներ անել, քանի որ այս կուսակցությունը հավատարմորեն կատարել է իր պարտավորությունները:

Ամեն դեպքում, կադրային կարուսելը  գործադիրում մեկնարկել է եւ դեռ էլի կշարունակվի՝ աշնանը նոր թափ առնելով եւ նորանոր համալրումներով: Չի բացառվում, որ նաեւ նոր պաշտոններ հորինվեն, որպեսզի բոլոր հավակնորդներին կարողանան բավարարել: