Արագ սննդի McDonald`s ցանցը նախատեսում է իր նոր ռեստորանը բացել Կոպենհագենի Կոնգենս Նյութորն հրապարակի պատմական շենքում: Մինչդեռ, քաղաքի բնակիչները բողոքում են ընկերության նման որոշման դեմ:
Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ արդեն գտել են դիզայների, որը կվերափոխի շենքը, որտեղ նակինում գտնվում էր Café A Porta ռեստորանը` առանց ճարտարապետական աղավաղումների, գրում է Mignews-ը:
Facebook սոցիալական ցանցում դանիական մայրաքաղաքի բնակիչները ընկերության նման որոշման դեմ բողոքող խումբ են ստեղծել, որն արդեն 8 հազար անդամ ունի: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ արագ սննդի ռեստորանը ոչ միայն կփչացնի շենքի պատմական կերպարը, այլեւ այդ վայրը աղբի կվերածի:
Կոնգենս Նյութորն հրապարակի շենքը կառուցվել է 1792 թվականին, այն ժամանակ այնտեղ տեղակայվել էր հրուշակեղենի խանութ, իսկ 1850 թվականին շվեյցարացի Ստեֆան Պորտան Café A Porta ռեստորանն էր բացել, որը հետագայում վաճառվել էր:




























