Մերիլենդ նահանգի միջնակարգ դպրոցում ուսումնական տարվա առաջին օրը Ռոբերտ Գլեդդեն անունով աշակերտը որսորդական հրացանով կրակել է իր համադասարանցու մեջքին: Տղան ծանր վիրավոր է: 15-ամյա դեռահասին մարդասպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի արեւելքում գտնվող Բալթիմոր քաղաքի Perry Hall դպրոցում: Տեղական ժամանակով ժամը 11:00-ին սահմաններում դպրոցի ճաշարանից կրակոցի ձայն է լսվել: Մեջքից վիրավոր Դենիել Բորոուին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Երբ ուսուցիչները փորձել են Գլեդդենից խլել հրացանը, վերջինս եւս մեկ կրակոց է արձակել առաստաղի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Գլեդդենի հայրը պատմել է, որ համադասարանցիներն անընդհատ նեղում էին իր որդուն, ինչի արդյունքում նրան հանցագործության են մղել: Մեղադրյալի իրավապաշտպանը հայտնել է, որ Գլեդդենը որսորդական հրացանը դպրոց է բերել իր նկատմամբ ծաղրանքի վերջը տալու համար, սակայն ոչ մեկին չի ցանկացել վնասել: Իրավապաշտպանի խոսքով, դպրոցականը ցանկացել է հատակին կրակել, սակայն պատահաբար դիպել է համադասարանցուն, երբ ուսուցիչները փորձել են խլել հրացանը:
Բալտիմորի ոստիկանության աշխատակիցները այս տեսակետի հետ համաձայն չեն: Նրանց կարծիքով Գլեդդենը նախապես ծրագրել էր կրակ բացել համադասարանցիների ուղղությամբ:
Երկուշաբթի առավոտյան նա Facebook սոցիալական ցանցի իր էջում թողել է «Դպրոցի առաջին օրը, իմ կյանքի վերջին օրը» հաղորդագրությունը:
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է նաեւ Գլեդդենի խորթ հայրը, ում նկատմամբ անօրինակ զենք եւ թմրանյութ պահելու մեղադրանք է առաջադրվել:


























