2012 թ. ընթացքում Հայաստանում թանկացել է ուսման վարձը, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Այսպես` նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարվա հուլիսին վճարովի դպրոցների ուսման վարձը (միջնակարգ կրթության ծառայություն) թանկացել է 11.5 %-ով: Ընդ որում` ամենաբարձր վարձաչափը գործում է Երեւանում` ամսական 31.4 հազ. դրամ: Վանաձորում այդ վարձը 12.2 հազ. դրամ է, Գյումրիում` 9800 դրամ, Վաղարշապատում` 8900 դրամ:

Քոլեջների ու վարժարանների (նախնական մասնագիտական կրթություն) ուսման վարձը 12ամսյա կտրվածքով բարձրացել է միջինը 8.9%-ով: Հետաքրքիր է, որ ամենաթանկ քոլեջները ոչ թե Երեւանում են (ամսական միջին վարձը` 14.7 հազ. դրամ), այլ` Մարտունիում` 15 հազ. դրամ: Ամենաէժան քոլեջները Կապանում են` ամսական 8 հազ. դրամ:

Մանկապարտեզների վարձը 12 ամսյա կտրվածքով բարձրացել է միջինը 3.6%-ով, սակայն հարկ է նշել, որ 2010 թ. համեմատ մանկապարտեզները մոտ 28%-ով ավելի էժան են: Ամենաթանկ մանկապաարտեզները Արտաշատում են` ամսական վարձը 6100 դրամ, ամենաէժանը` Եղեգնաձորում ու Մարտունիում` 3 հազ. դրամ: Երեւանում վարձը 3.86 հազ. դրամ է:

Բակալավրիատի (բարձրագույն կրթության ծառայություն) ուսման վարձը էական փոփոխություն չի կրել` թանկացումը 12ամսյա կտրվածքով 1.1% է: 2010 թ. համեմատ Հայաստանում բարձրագույն կրթությունը թանկացել է 3.9%-ով: Բնականաբար` այստեղ միանձնյա առաջատարը Երեւանի բուհերն են` ամսական միջինը 45.1 հազ. դրամ: Մարզային բուհերն անհամեմատ էժան են: Այսպես` տարածաշրջանի ապագա ֆինանսական կենտրոն Դւիլիջանում բուհի ամսական ուսման վարձը ընդամենը 14.2 հազ. դրամ է: Կապանում`24.6 հազ. դրամ, իսկ Գյումրիում` 21.8 հազ. դրամ:

Համակարգչային ուսուցման վարձերը նախորդ տարիների համեմատ նվազել են: Նախորդ տարվա հուլիսի համեմատ գնային փոփոխություններ չկան, իսկ 3 տարվա կտրվածքով առկա է մոտ 7% էժանացում: Ամենաթանկ ծառայությունները կրկին մարզերում են. Դիլիջանում` ամսական 28 հազ. դրամ, Կապանում` 26.7 հազ. դրամ, Թալինում`25 հազ. դրամ: Համեմատության համար` Երեւանում ուսման վարձը ամսական 19.5 հազ. դրամ է: