Բջջային հեռախոսները շարունակում են էժանանալ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2012 թ. հուլիսին հունիսի համեմատ բջջային հեռախոսներն էժանացել են 0.2%-ով, իսկ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ` 2.7 %-ով: Երեք տարվա կտրվածքով բջջային հեռախոսները Հայաստանում էժանացել են 10.7%-ով:
Մոնիտորինգի ենթարկած բջջային հեռախոսների միջին գինը Երեւանում, ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, հուլիսի դրությամբ 69.6 հազ. դրամ է:
Ըստ մաքսային մարմինների պաշտոնական տվյալների` 2012 թ. 6 ամսում Հայաստան է ներմուծվել 173 հազ. հատ հեռախոսային ապարատ (ըստ մեր տեղեկությունների` դրանց 90%-ից ավելին բջջային հեռախոսներ են): Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ներմուծված հեռախոսների քանակն ավելացել է մոտ 40 հազարով, սակայն 1 հեռախոսի մաքսային արժեքը նվազել է: Այսպես` 2011 թ. հեռախոսները ներմուծվում էին 96.5 դոլար միջին մաքսային արժեքով, իսկ 2012 թ.` 62 դոլար միջին մաքսային արժեքով: Հետեւաբար` հեռախոսների մանրածախ շուկայական գները պետք է ավելի էժանանային, քան փաստացի էժանացել են:


























