Լրատվամիջոցները մանրամասներ են հաղորդում Դաղստանի Բելիջի ավանի միջադեպից, երբ սահմանապահը յոթ մարդու էր սպանել։ Պարզվում է, բոլոր սպանվածները սիբիրցի վաստակավոր հատուկ ջոկատայիններ են եղել։ Հանցագործին հաջողվել է վիրավորել եւս հինգ ուժայինների։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դաղստանում պայմանագրային զինծառայողը օգոստոսի 28-ին Կալաշնիկով ինքնաձիգով սպանել է 7 մարդու: Դեպքը տեղի է ունեցել Դերբենդի շրջանի Բելիջի բնակավայրի սահմանային անցակետի մոտ: Ըստ նախնական տվյալների` զինվորն սկսել է կրակել ծառայակիցների վրա եւ սպանել երկուսին: Այնուհետեւ նա մտել է զորամաս եւ կրակել եւս 5 հոգու: Նա սպանվել է պատասխան կրակի հետեւանքով: Վիրավորվել են Ներքին զորքերի 3 զինծառայողներ, ինչպես նաեւ անցակետում տեղակայվածները:
Սվերդլովի ոստիկանությունը օգոստոսի 29-ին հրապարակել է իր աշխատակիցների անունները, որոնք զոհվել էին Բելիջիում հրաձգության հետեւանքով: Նրանք բոլորը երկարամյա աշխատանքային ծառայության փորձով սպաներ են:
Հանցագործության հետաքննությամբ զբաղվող քննիչները դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել տեղի ունեցածի հիմնական վարկածը: Ներկայումս հայտնի են դարձել մարդասպանի ինքնության վերաբերյալ մանրամասներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ տղամարդը ուղարկվել է ծայրահեղականների կողմից:
«Դաղստանի հատուկ ծառայությունները նրան բազմիցս նկատել են վահաբիստական գրականություն ընթերցելիս: Նախկինում նրան երեք անգամ փորձել են հեռացնել սահմանապահական վարչությունից, սակայն ամեն անգամ դրա համար բավականին ձեւական հիմունքներ չեն գտել», - «Ինտերֆաքսին» հայտնել է Դաղստանի իրավապահ մարմինների աղբյուրը:
Սակայն որոշ միջոցներ ձեռնարկվել էին: Ալիեւին տեղափոխել էին տեխնիկական ստորաբաժանում: «Սակայն նախկինի պես նրա մոտ է եղել Կալաշնիկով ինքնաձիգը, որով էլ նա կրակել էր ծառայակիցներին», - ավելացրել է աղբյուրը:



























