Ֆրանս Տելեկոմը «Orange Արմենիայում» նոր ղեկավար է նշանակել, իսկ նախկին տնօրեն Բրունո Դյութուան կանցնի նոր աշխատանքի Եթովպիայում (ֆոտոռեպորտաժ)։ Օգոստոսի 29-ին Ֆրանս Տելեկոմ- Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը երեւանում ներկայացրեց հայաստանյան «Orange Արմենիայի» նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին։ «Ֆրանսիս Ժելիբտերի ղեկավարությամբ «Orange Արմենիան» կշարունակի շեշտը դնել բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու եւ դրանով վերջիններիս հավատարմությունը պահելու ուղղությամբ, ինչպես նաեւ կշարունակի ներկայացնել նորարարական ծառայություններ։ Մանավորապես՝ այնպիսի ծառայությունների ուղղությամբ, որոնք խթանում են մուլտիմեդիա ծառայությունների եւ շարժական ինտերնետի օգտագործումը»,- հայտարարեց Ֆրանս Տելեկոմ- Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահը՝ շնորհակալություն հայտնելով նախկին գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային Հայաստանում գրեթե 4-ամյա ահռելի աշխատանքի համար, որի արդյունքում «Orange Արմենիան» կայացել է Հայաստանում։
Բրունո Դյութուան իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Orange Արմենիայի» թիմին՝ նշելով, որ նվիրված աշխատանքի շնորհիվ հաջողվեց մեծ ձեռքբերումների հասնել։ «Ներկայացնելով ընկերությունն ու Հայաստանը՝ Ֆրանսիսին ասել եմ, որ «Orange Արմենիան» լավ եւ նվիրված աշխատակիցներ ունի, եւ խորհուրդ եմ տվել շատ շրջել Հայաստանում։ Ես գործի բերումով անձամբ շատ եմ շրջել, այն շատ հետաքրքիր վայրեր ունի։ Ես մեկնում եմ մի երկրից, որտեղ սիրեցի ապրել եւ աշխատել»,- նշեց Դյութուան՝ հաջողություն մաղթելով նորանշանակ Ժելիբտերին։
Վերջինս ասաց, որ Հայաստանին ծանոթ է վաղուց։ «Առաջին անգամ Հայաստան այցելել եմ 30 տարի առաջ։ Ֆրանսիայում շատ հայազգի ընկերներ ունեմ։ Ինքս Փարիզից եմ, սակայն արմատներս Արեւելյան Եվրոպայից են։ Հետխորհրդային երկրներին ծանոթ եմ, քանի որ ղեկավարել եմ «Orange Մոլդովան»,- ասաց Ժելիբտերը՝ ավելացնելով, որ Հայաստան է եկել դրական տրամադրվածությամբ։
NEWS.am-ի հարցին, թե հասցրե՞լ է արդեն ծանոթանալ Հայաստանին եւ հայկական գործարար միջավայրի առանձնահատկություններին, ինչպես նաեւ փարիզյան կյանքից հետո, ինչպես է իրեն զգում Երեւանում, որտեղ ապրելու եվ աշխատելու է, Ժելիբտերն ասաց. «Բրունոյի առաջարկով հուլիսին մի քանի օրով եկա Հայաստան։ Եվ կարծում եմ, շատ ճիշտ առաջարկ էր։ 30 տարի առաջ եմ առաջին անգամ եղել այստեղ, եւ այժմ իհարկե տարբերությունն ահռելի է։ Սա ուրիշ երկիր է։ Երկուշաբթի արդեն աշխատանքի եմ գնալու, իսկ երեխաներին պետք է 8։30 դպրոց տանեմ։ Դե ծանոթ եմ միայն ամառային Երեւանին, եւ իմ դուրը եկավ։ Հատկապես այն, որ փողոցներում այդքան մարդ կա, ու բոլորը անկաշկանդ են։ Տեսնենք ձմռանն ինչպես կլինի»,- ասաց «Orange Արմենիայի» նորանշանակ գլխավոր տնօրենը՝ հույս հայտնելով, որ իր աշխատանքից գոհ կլինեն, թե Ֆրանս Տելեկոմում, թե «Orange Արմենիայում» եւ թե Հայաստանում։
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























