Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն Շվեդիայում, ինչպես նաեւ Դանիայում եւ Նորվեգիայում համատեղությամբ, Բելառուսի դեսպանի պաշտոնից հեռացրել է Անդրեյ Գրինկեւիչին:

Նախագահի որոշումը հետեւել էր մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած «փափուկ դեսանտների» պատմությանը, ինչի հետեւանքով իր պաշտոնից արդեն զրկվել է երկրի  ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003 թ-ից:

Բացի այդ, Լուկաշենկոն հրաման է ստորագրել Պետական սահմանային կոմիտեյի փոխնախագահ Դմիտրի Շուգային պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին բելառուսական սահմանը անօրեն հատած   շվեդական ինքնաթիռից  Մինսկի մերձակայքում նետվել են փափուկ արջուկներ, որոնց վրա ամրացված են եղել Բելառուսում  խոսքի ազատության պաշտպանությանը վերաբերող գրություններ: Օգոստոսի սկզբին  հայտնի է դարձել, որ այս դեպքի պատճառով Բելառուսը եւ Շվեդիան փոխադարձաբար հեռացրել են  դեսպաններին: Օգոստոսի 8-ին Բելառուսը որոշում է կայացրել Շվեդիայից ետ կանչել իր հյուպատոսությունը եւ շվեդական կողմին առաջարկել է նույն քայլին դիմել: