Հայաստանի ոստիկանությունը հաստատել է, որ օրերս Գյումրիում կրակոցներով զուգորդված ծեծկռտուքին մասնակցել է նաեւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ 2012 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովա եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել:

Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրիի բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:

Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ եւ 235 հոդվածի 1-ին մասերով:

Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ են իրականացվել դեպքի հանգամանքները, խուլիգանության մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ գործողություններ կատարածներին հայտնաբերելու նպատակով:

Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են բնակարանային խուզարկություններ, խուզարկվել են նաեւ «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային եւ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, (դրանք պատկանում են Վարդան Ղուկասյանին-խմբ.) հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ: Զննվել են «BMW X5», « KIA» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ:

Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել է երկու պարկուճ եւ մեկ գնդակ:

Բերման ենթարկվել եւ որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք, որոնց հագուստներն առգրավվել են. դրանցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հարություն Հ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է: