Եկատերինբուրգում մեղադրանքներ են ներկայացրել բլոգեր Վասիլի Ֆյոդորովիչի հանցակցի դեմ։ Այդ մասին օգոստոսի 29-ին հաղորդվել է ՌԴ ՔԿ Սվերդլովի շրջանային վարչության կայքում։

Եկատերինբուրգի 29-ամյա բնակիչ Ռոմանին մեղադրել են երեք սպանությունների մեջ։ Քննության վարկածով՝ 2009թ. հոկտեմբերի 29-ի գիշերը Գոտվալդի փողոցի շենքերից մեկի մուտքում նա մուրճով հարվածել էր մի տղամարդու։ 2012թ. մարտին նա չորս համախոհների հետ ամայի վայր էր տարել ԱՄՆ-ի եւ Սիրիայի քաղաքացի Ջորջ Յակուբյանին։ Օտարերկրացուն կողոպտել էին, սպանել եւ այրել։ 2012թ. ապրիլին Ռոմանը երեք հանցակիցների հետ առեւանգել էին թմրանյութերի առեւտրում կասկածվող մի տղամարդու։ Նրանից տեղեկություն էին կորզել փողերի գաղտնարանի մասին, տարել անտառ, սպանել  եւ այրել։

Ավազակախմբի գործը լայն արձագանք էր ստացել, քանի որ 2012թ. հուլիսին դրա անդամ էին հայտարարել ուրալցի հայտնի բլոգեր Վասիլի Ֆյոդորովիչին։ Վերջինս հետաքրքրվում էր զենքերով եւ դանակներով մարտերի սեփական դպրոց ուներ։ Նա բլոգում նյութ էր հրապարակել սափրագլուխների կյանքի նկարագրություններով։

Օգոստոսի 16-ին ՔԿ-ն հայտարարել էր, որ Ֆյոդորովիչին մեղադրանք են ներկայացրել Յակուբյանի սպանության, նաեւ երկու այլ քրեական գործերի համար։ Քրեական գործի մասնակիցների ամբողջական ցուցակներն առայժմ չեն հրապարակվում։