Վրաց-ռուսական սահմանի դաղստանյան շրջանում ճգնաժամային իրավիճակը  կառավարելու համար վարչապետ Վանո Մերաբիշվիլիի  գլխավորությամբ արտակարգ շտաբ է ձեւավորվել: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի-ծառայությունից:

«Նովոստի Գրուզիայի» փոխանցմամբ ճգնաժամային  շտաբի մեջ ներգրավվել են ՆԳՆ-ի, Պաշտպանության նախարարության եւ Արդարադատության նախարարության  ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն գիշերվանից հատուկ գործողություններ է իրականացնում գերիների ազատագրման եւ Դաղստանի սահմանի մոտակայքում հայտնաբերված զինված խմբի ձերբակալման ուղղությամբ:

Նախնական տվյալներով` վիրավորվել են Վրաստանի ՆԳՆ-ի երեք աշխատակից:

«Իմեդիայի» տեղեկացմամբ, Դաղստանից Վրաստանի տարածք են ներթափանցել 20 գրոհայիններից բաղկացած լավ զինված խումբ:

«Գրուզիա օն-լայնը» հայտնում է, որՎրաստանի ՆԳՆ տարածել է ազատագրված գերիների տեսաժապավեն:

Իրենց ցուցմունքներում  գերիները  հայտնում են, որ իրենք հանգստի էին մեկնել, երբ տեսել էին մինչեւ ատամները լավ զինված գրոհայինների, ովքեր նրանց առաջարկել են հետեւլ իրենց, հակառակ դեպքում սպառնացել են կրակել:

Ազատագրվածներից մեկի պատմելով առեւանգողները լավ զինված, մորուքավոր մարդիկ էին, որոնց թիվը հասնում է 15-ի: