Ընթացիկ տարվա բոլոր ժամանակահատվածներում էլ պետական բյուջեի կատարումն ապահովվել է: Այդ մասին այսօր` օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Մասնավորապես` հունվար-հուլիսին հավաքագրվել է 505.6 մլրդ դրամ եկամուտ, ծախսվել` 516.7 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 23.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հակային եկամուտների հաշվին: Մասնավորապես` լրացուցիչ հավաքագրվել է 31.7 մլրդ դրամ հարկային եկամուտ, սակայն 10 մլրդ դրամով թերակատարվել է պաշտոնական դրամաշնորհների ծրագիրը:

Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեի մասին օրենքի համաձայն` տարեկան կտրվածքով նախորդ տարվա համեմատ հավելյալ պետք է հավաքագրվի 100 մլրդ դրամ հարկային եկամուտ: Անցնող 7 ամսում այդ 100 մլրդ դրամից հավաքագրվել է արդեն 31.7 մլրդ դրամը: 

Պետական բյուջեի ծախսերում որոշ կապիտալ ծախսեր դեռեւս չեն ֆինանսավորվել: Սակայն Ա. Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ որեւէ ծրագիր չի կասեցվել, ուղղակի կապիտալ բնույթի ծրագրերում առկա են խնդիրներ աշխատանքների ընդունման-հանձնման ձեւակերպումների, հաշվետվությունների ներկայացման ձգձգումների հետ: