Վրաց-ռուսական սահմանին անցկացվող հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել են 11 գրոհայիններ եւ զոհվել հատուկ նշանակության ջոկատի վրացի երեք աշխատակիցներ։
«Զինված խմբավորումներին հետապնդելու գործողության ընթացքում զոհվել են Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատի երեք աշխատակիցներ։ Ինչ վերաբերում է դիվերսանտներին, այս պահի դրությամբ ոչնչացվել են զինված խմբավորման 11 անդամներ։ Եւս վեց դիվերսանտների շրջափակել են, եւ նրանց բռնելու գործողությունն է ընթանում։ Վրաստանի ՆԳՆ-ն ցավակցում է զոհերի ընտանիքներին»։
Ավելի վաղ ՆԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել, որ դաղստանյան սահմանի մոտ հատուկ գործողության ընթացքում պատանդներ են ազատագրվել։ ՆԳՆ-ի պաշտոնական կայքում նաեւ պատանդներին ազատագրելու տեսանյութն էր տեղադրվել։
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդել է, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Դաղստանից վրացական տարածք է ներթափանցել լավ զինված 20 գրոհայինների խումբ։ Վերջին օրերին գրոհայինները առեւանգել էին տեղի բնակիչների երեք խմբի՝ ընդհանուր թվով 10 մարդու։




























