Էսսեքս կոմսության տարածքում մի քանի օր շարունակ բրիտանական ոստիկանության կողմից փնտրվող առյուծը պարզվում է եղել է Մեյն-կուն ցեղատեսակի սովորական կատու: Այս ցեղատեսակի ներկայացուցիչները կարող են ունենալ 1,2 մ երկարություն եւ հեռվից նրանց շատ հեշտ է շփոթել վայրի գազանի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անգլիական Էսսեքս կոմսության տարածքում մի քանի օր շարունակ հսկա առյուծ փնտրելուց հետո, ոստիկանները  որոշել էին դադարեցնել «սաֆարին»` ենթադրելով, որ Էսսեքսում ոչ մի առյուծ չկա:

Այն մասին, որ կոմսությունում իր համար շրջում է հսկա առյուծ, հայտնել են տեղացի բնակիչները` որպես ապացույց բերելով վատ որակի լուսանկարներ, որոնցում պատկերվող սիլուետը առյուծ է հիշեցնում:

Այս լուսանկարների շնորհիվ իր երեք տարեկան  կատվին` Միշկային ճանաչել է 52-ամյա Ջիննի Մերֆին: Կնոջ խոսքով` Միշկա կատվին առաջին անգամը չէ, որ շփոթում են վայրի կենդանու հետ, սակայն նախկինում հիմնականում աղվեսի հետ, հայտնում է Sky News-ը: