Հայաստանի արտաքին պետական պարտքի կառավարման ռիսկերը բացառապես կապված են փոխարժեքի հետ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Այդ ռիսկերը պայմանավորված են նրանով, որ ՀՀ պետբյուջեի եկամուտները ստացվում են բացառապես դրամով, իսկ արտաքին պարտքերը մարելու համար անհրաժեշտ է արտարժույթ: Բոլոր դեպքերում, ըստ գլխավոր գանձապետի, ՀՀ արտաքին պարտքը մնում է կառավարելի, ու բոլոր վճարումները ժամանակին կկատարվեն:

Նշենք, որ 2012 թ. հուլիսի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 4.25 մլրդ դոլար, որից արտաքին պարտք` 3.7 մլրդ դոլար, ներքին պարտք` 544 մլն դոլար:

Ի դեպ` Ա. Ջանջուզայանը չբացառեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած պարտքը վերակազմավորվի, քանի որ դա «ծանր» պարտք է: «Մի քանի տարի առաջ նման փորձ արել ենք, ավելի ծանր պայմաններով պարտքը վերաֆինանսավորել ենք ավելի մեղմ պայմաններով պարտքի, նույն ուղղությամբ աշխատում ենք հիմա»,- ասաց ՀՀ գլխավոր գանձապետը: