Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը առաջարկել է երկրում ապրող մեծահարուստներից ավելի շատ հարկեր գանձել։ Ինչպես հայտնում է BBC-ն, փոխվարչապետը նշել է, որ Կառավարությունը պետք է գնա այդ քայլին, որպեսզի հակաճգնաժամային ծրագիրը հաջողվի։ Քլեգը նաեւ առաջարկել է, որ մեծահարուստ բրիտանացիները պետբյուջե շատ գումարներ տալով՝ կարող են իրենց զգալ ազգային կարեւոր գործում ներդրում են արել։

Փոխվարչապետի առաջարկը քննադատության է արժանացել բրիտանական խորհրդարանի Պահպանողական կուսակցության անդամների կողմից։ Կուսակցության անդամ, խորհրդարանական Մերի Մաքլեոդը հայտարարել է, որ Քլեգի առաջարկությունը դժվար թե իրականություն դառնա, եւ մեղադրել է փոխվարչապետին պոպուլիզմի մեջ՝ նշելով, որ Քլեգը դրանով պարզապես իր վարկանիշն է բարձրացնում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում, որի անդամն էլ հանդիսանում է փոխվարչապետը։

Նշենք, որ Բրիտանիայում ապրող մեծահարուստների թվում կան նաեւ շատ արտասահմանցիներ, օրինակ՝ ռուսաստանցի միլիարդատերեր Ռոման Աբրամովիչն ու Բորիս Բերեզովսկին։