Սանկտ Պետերբուրգի պատմական հուշարձանների պահպանության եւ օգտագործման պետական վերահսկողական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Մակարովը մտադիր է դատի տալ հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակին, ով մեղադրել է կոմիտեին ազգությամբ հրեա աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու մեջ։ Ինչպես «Росбалт»-ին տեղեկացրել են կոմիտեի մամուլի ծառայությունում, կոմիտեի ղեկավարությունը վրդովվել է հատկապես Սոբչակի այս կապակցությամբ Twitter-ում արված գրառումից։
Նշենք, որ օգոստոսի 28-ին ընդդիմադիր դարձած Քսենյան գրել էր. «Եկել եմ Պետերբուրգ։ Առաջին բանը, որ ինձ հայտնեցին՝ կոմիտեի ղեկավար Մակարովը ասել է, որ աշխատակից հրեաների ցուցակը տան իրեն, իսկ դրանից հետո աշխատանքից հեռացրել է նրանց»։ Ինչպես նշում է «Комсомольская правда»-ն, Սոբչակը նշել է, որ այս լուրը տարօրինակ է համարում, սակայն մի քանի բարձրաստիճան այրեր բերանացի հաստատել են այն։ Սոբչակը մտադիր է եղել պահանջելու կոմիտեից հեռացվածների ցուցակը եւ ամեն ինչ ճշտել։ Ստեղծված իրավիճակի մասին «Комсомольская правда»-ն մեկնաբանություն է խնդրել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր խորհրդի պատգամավոր Բորիս Վիշնեւսկիից, ով նշել է, թե Սոբչակի հետ բարձրաստիճան այրեր պարզապես չար կատակ են արել։ «Իմ կարծիքով, նրա նկատմամբ պարզապես դավադրություն է եղել»,- ասել է Վիշնեւսկին։
Նշենք, որ Քսենյայի հայրը՝ Անատոլի Սոբչակը ԽՍՀՄ եւ հետագայում Ռուսաստանում հայտնի քաղաքական գործիչ էր։ Նա եղել է Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետը։




























